Հաջողակ կյանքի չորս սյուները
Կայուն և հաջողակ կյանք ունենալու համար մարդը պետք է ամուր հիմք ունենա։ Նրա կյանքը պետք է հիմնված լինի այնպիսի արժեքների և սկզբունքների վրա, որոնք կօգնեն նրան հաստատուն մնալ կյանքի բոլոր փուլերում ու հանգամանքներում։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինեն չորս հիմնական սյուներ։
1. Ընտանիք
Անկախ նրանից՝ մարդ ամուսնացած է, թե ոչ, յուրաքանչյուրն ունի ընտանիք՝ տուն, որը կարող է լինել ջերմության, աջակցության և ուժի աղբյուր։
Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են մարդու ինքնությունն ու բնավորությունը։ Այնտեղ մենք սովորում ենք վստահել, հոգ տանել միմյանց մասին, ինչպես նաև ստանալ սեր, խաղաղություն, մխիթարություն և աջակցություն։
Ընտանիքը մարդուն տալիս է անվտանգության, ընդունված լինելու և պատկանելության զգացում։ Չկա որևէ այլ տեղ, որը կարող է լիովին փոխարինել ընտանիքին։ Այդ պատճառով կարևոր է գնահատել և պատվել մեր ընտանիքի անդամներին, նրանց հետ վարվել սիրով, հոգատարությամբ ու հարգանքով։
2. Եկեղեցի
Եկեղեցին նույնպես կարևոր հենասյուն է մարդու կյանքում։ Հենց եկեղեցում է մարդը ճանաչում Աստծուն, ստանում ճշմարտության գիտությունը և սկսում է վերափոխվել։
Եկեղեցու միջոցով մարդու մտածելակերպն ու արժեքները փոխվում են։ Աստծո կամքն ու Նրա ուխտի խոստումները սկսում են ավելի իրական ու գործուն դառնալ նրա կյանքում։
Եկեղեցին միայն պաշտամունքի վայր չէ, այլ նաև հոգևոր ընտանիք և տուն, որտեղ հավատքն աճում է, կյանքը նորոգվում, և մարդիկ սովորում են ապրել Աստծո կամքի ու նպատակի համաձայն։
Եկեղեցին Աստծո ծածկոցն է, որի ներքո մարդը կարող է գտնել պաշտպանություն, խաղաղություն և հանգիստ՝ բնակվելով Ամենակարողի շուքի տակ։
3. Աշխատանք
Չգիտեմ, թե ուրիշներն ինչպես են մտածում, բայց ես աշխատանքը համարում եմ կյանքի կարևորագույն հենասյուներից մեկը։
Աշխատանքը միայն եկամուտ ստանալու միջոց չէ, այլ նաև ինքնաճանաչման և անձնական աճի հրաշալի հնարավորություն։ Աշխատանքի միջոցով սրվում է մարդու միտքը, զարգանում են նրա կարողությունները և ընդլայնվում նրա հնարավորությունները։
Աշխատանքը սովորեցնում է համագործակցել և առողջ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ։ Աշխատող մարդը խոր ներքին բավարարվածություն է զգում, երբ կարողանում է իր տաղանդներն ու կարողությունները գործի դնել և օգտակար լինել ուրիշներին։
Երբ մարդու կյանքում աշխատանքը բացակայում է, նա զրկվում է այս կարևոր հենարանից, որը նպաստում է նրա զարգացմանը, ինքնաարտահայտմանը և կյանքի լիարժեքությանը։
4. Անձնական աճ
Անձնական աճը նույնպես կյանքի կարևոր հենասյուներից է։ Մարդը պետք է ձգտի շարունակաբար զարգացնելու իր կարողությունները, կատարելագործվելու իր մասնակգիտության մեջ և ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ իր ոլորտում։
Ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են համացանցում, սակայն նրանց կյանքում իրական աճ գրեթե չի նկատվում, քանի որ իրենց ժամանակը ծախսում են անօգուտ բաների վրա։
Մինչդեռ համացանցը մեզ անսահման հնարավորրություններ է տալիս սովորելու և զարգանալու համար։ Այնտեղ հասանելի են բազմաթիվ օգտակար ռեսուրսներ, ուսումնական նյութեր և գրականություն՝ կյանքի ու մարդկային գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Մենք պետք է իմաստուն կերպով օգտվենք այդ հնարավորություններից՝ սովորելու, աճելու և մեր ներուժը լիարժեք զարգացնելու համար: